Անցկացվեց «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի ընդունելության քննությունը...
Երեւանի պետական համալսարանում այսօր անցկացվեց «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի ընդունելության քննությունը: Քննության ընթացքին այս անգամ եւս հետեւում էին` ներսում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակիցները, իսկ դրսում` ծնողներ` մոնիտորների առջեւ անհանգիստ անցուդարձ անելով: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ԳԹԿ ղեկավար Գուրգեն Խաչատրյանը, Երեւանի քննակենտրոնում քննությանը ներկայացել է 185 դիմորդից 168-ը, բացակայել է 17 դիմորդ:
Այս տարի այս առարկայից հանրապետությունում քննություն է հանձնելու 609 դիմորդ: «Նախորդ երկու քննությունները հիմք են տալիս մտածելու, որ այսօրվա քննությունը նորմալ կընթանա: Այս տարի, իմ տեղեկություններով, մասնավոր բուհերի դիմորդ չկա», -նկատեց Գուրգեն Խաչատրյանը:
Անդրադառնալով քննական թեստերի հնարավոր արտահոսքին` ԳԹԿ ղեկավարը վստահեցրեց, որ արվել է ամեն բան նման երեւույթը բացառելու համար: «Տպագրությունից առաջ դիմել եմ ոստիկանությանը հսկողությունն ուժեղացնելու համար: ԳԹԿ-ում ավելացվել էին տեսագրող սարքերը, սահմանափակվել էր նաեւ դեպի տպարան մուտքը», -նշեց Գուրգեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այս տարի հանրապետությունում անցկացվող միասնական ընդունելության քննությունների առաջին փուլին մասնակցող դիմորդների թիվը 1 209 է: Նշենք, որ այս թիվն անհամեմատ քիչ է նախորդ տարվա դիմորդների թվից, քանի որ այս տարի դպրոցների շրջանավարտներ չկան: Նախորդ տարի ընդունելության քննություններին մասնակցել է 17 656 դիմորդ: Այս տարի դիմածների մեծամասնությունը` 609-ը, քննություն է հանձնելու «Հայոց լեզու եւ հայ գրականություն», 544-ը` «Մաթեմատիկա», 365-ը` անգլերենից, 300-ը`»Հայոց պատմություն» եւ այլ առարկաներից:
ԱՐՄԵՆՊՐԵՍ