test.am

Մեր նորությունները

17.06.2011
Մարդասիրական սկզբունքները Գ. Խաչատրյանին ստիպել են դեմ գնալ քննական կարգին...
Երեւանի պետական համալսարանում այսօր «Հայոց պատմություն» առարկայի ընդունելության քննության ընթացքում քննական կարգի խախտում է գրանցվել: Դիմորդ Լեւոն Պողոսյանը քննասենյակ է մտել ժամը 09:45-ին այն դեպքում, երբ նա քննասենյակում պետք է լիներ ժամը 08:00-ին: Դրան էլ գումարած՝ քննական թեստերն արդեն բաժանված էին, իսկ քննությունը" սկսված: 

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, մեկնաբանելով կատարվածը, նշեց, որ դիմորդների ծնողները խմբակային դիմավորել են իրեն մուտքի մոտ եւ խնդրել միջնորդել, որպեսզի դիմորդը մտնի եւ մասնակցի ընդունելության քննությանը: «Գուցեեւ քննական կարգի խախտում եմ կատարել, դա վերցնում եմ ինձ վրա»,- ասաց Գ. Խաչատրյանը՝ նշելով, որ հասկանալի է, որ այդ որոշումն իրականացվել է ի հաշիվ քննական գործընթացի կազմակերպիչների: «Եթե դրա համար ինձ պետք է պատժեն, թող պատժեն»,- նշեց Գ. Խաչատրյանը: 

Անդրադառնալով դիմորդի ուշացման պատճառներին՝ ԳԹԿ տնօրենը նշեց. «Հազար ու մի պատճառ կարող էր եղած լինել: Չհետաքրքրվեցի, քանի որ դա նրանից ավելորդ րոպե կխլեր: Պետք էր արագ որոշում կայացնել»: Նա հավաստիացրեց, որ բոլորովին չի ճանաչում դիմորդին: 

Քննական կենտրոնի ղեկավար Կարո Նասիբյանը, ով սկզբում թույլ չէր տալիս դիմորդին մասնակցել քննությանը, նշեց, որ ինքը չէր կարող քննական կարգը խախտել, որովհետեւ ՀՀ կառավարության սահմանած կարգով միանշանակորեն նշված է, որ թեստերը բացելուց հետո այլեւս ոչ մեկ իրավունք չունի ներս մտնել: «Մենք ոչ միայն թեստերն էինք բացել, այլեւ սկսել էինք գրավոր աշխատանքը»,- նշեց Կ. Նասիբյանը" հավելելով, որ նույն հաջողությամբ դիմորդը կարող էր, ասենք, կես ժամ ավել մնալ քննական կենտրոնում:

ԱՐՄԵՆՊՐԵՍ
© 2009-2025 test.am
All rights reserved.